13 ապրիլի 2021 - 11:30 AMT
Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «գյավուր» (անհավատ) բառն օգտագործելով՝ քրիստոնյաներին թիրախավորելու պատճառով։

Էրդողանն այդ արտահայտությունն արել է հանրային ելույթներից մեկի ժամանակ։

Փայլանը դիմել է փոխնախագահ Ֆուաթ Օքթային ու հորդորել պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ չգիտեն արդյոք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության»։ Պատգամավորը հարցրել է նաև, թե արդյոք հետ կվերցնեն այդ արտահայտությունն ու ներողություն կխնդրեն, փոխանցում է Ermenihaber-ը։

«Պետք է տեղեկացնեմ, որ նախագահի կողմից օգտագործված այդ ատելության խոսքը, որն ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան», բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը:

Փայլանը նաև նշել է, որ ինքը, որպես պատգամավոր, բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել: