13 ապրիլի 2021 - 12:35 AMT
Ալիևն ասում է՝ պատրաստ է խաղաղ համաձայնագիր կնքել ՀՀ հետ, բայց «Երևանից պատասխան քայլեր չի տեսնում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղ պայմանագիր կնքել ՀՀ հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն Երևանից պատասխան քայլեր չի տեսնում։ Այդ մասին նա ասել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Ըստ նրա՝ հակամարտությունից հետո ստեղծված վիճակը շատ փխրուն է՝ հրադադարը պահպանվում է, բայց դեռ կան շատ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն։

«Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագիր կնքել ՀՀ հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն չի տեսնում պատասխան քայլեր Երևանից։ Հակառակը՝ ՀՀ վարչապետից և ԱԳ նախարարից ագրեսիվ հայտարարություններ են հնչում, որոնք վկայում են ադրբեջանատյացության և թրքատյացության մասին»,- ասել է Ալիևը։

2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: