13 ապրիլի 2021 - 15:04 AMT
Ալիև. Մի օր ադրբեջանցիները կվերադառնան Երևան, բայց ՀՀ-ից տարածքային պահանջ չկա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մի օր ադրբեջանցիները «կվերադառնան Երևան», որտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իր նախնիները, բայց դա չի նշանակում, որ իրենք Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունեն։ Այդ մասին Ալիևն ասել է ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է Minval.az-ը։

«Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իմ նախնիները․․․ Ես ասել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ։ Չեմ ասել, որ տանկի վրա կվերադառնանք։ Ես ասել եմ, որ կվերադառնանք։ Դա նշանակում է՝ ինչու ոչ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործելու ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնալ Երևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես ներկայացնում եմ դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ «Զանգեզուրը փոխանցվել է Հայաստանին 1920-ին, իսկ մինչ այդ պատկանում էր Ադրբեջանին»։

«Երբ ես ասում եմ Գյոյչա, նրանք հիմա այդ լիճը Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին։ Այնտեղ Սևան չեք տեսնի, կտեսնեք Գյոյչա։ Նույնն է Իրևանի դեպքում»,- ասել է նա։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և Թուրքիային։ Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի մասին հիշատակում չկա։

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը»,-ավելի վաղ ասել էր Նաղդալյանը։