13 ապրիլի 2021 - 16:57 AMT
ԱԳՆ-ն՝ Բաքվի «պուրակի» մասին․ Ադրբեջանն ամրագրում է իր դիրքը՝ որպես անհանդուրժողականության համաշխարհային կենտրոն

Ադրբեջանում «պուրակի» բացման արարողությունը և այդ երկրի նախագահի ելույթն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհետ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը, հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն: Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա»,- հայտարարել են ԱԳՆ-ից։

Նախարարությունից նշում են, որ Ադրբեջանը մի կողմից խոսում է Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի մասին դիտարկումներով, իսկ մյուս՝ «նման ցուցադրությամբ փորձում է մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը»։

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: