14 ապրիլի 2021 - 10:23 AMT
1000 վիրավոր զինվոր կմասնակցի Զինվորի տան կրթական ծրագրերին

1000 վիրավոր զինվոր կմասնակցի Զինվորի տան կրթական ծրագրերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Մեզ համար էական կարևոր է մեր վիրավոր զինվորների ամբողջական վերականգնումը: Զինվորի տանը տղաները բացի վերականգնողական բուժումից նաև կրթություն են ստանում՝ ձեռք են բերում նոր մասնագիտություն կամ ունեցած կրթությունը կատարելագործում»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ նպատակն է՝ լուծել զինվորների սոցիալական վերաինտեգրման խնդիրները, ապահովել տղաներին աշխատանքով ու կայուն եկամտով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է` չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում: