14 ապրիլի 2021 - 10:54 AMT
Փաշինյանը հերքել է Գասպարյանի` պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին խոսքերը

Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե պատերազմի 4-րդ օրը ինքը ներկայացրել է հայկական կողմի ունեցած կորուստները և նշել, որ 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար, իրականությանը չի համապատասխանում, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։

«ԳՇ պետը նման բան չի ասել, դա պաշտոնապես արձանագրված է, այդ թվում` ձայնագրությամբ։ Ընդհակառակը, սեպտեմբերի 30-ին Անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրն ու մինչև վերջ կկատարի։ ԳՇ պետը չէր էլ կարող սեպտեմբերի 30-ին նման հայտարարություն անել՝ մի պարզ պատճառով, որովհետև 2020-ի օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած զեկույցում հավաստիացրել է՝ «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ միայն «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին»։ Սա ՀՀ ԶՈւ գնահատականն է եղել 2020-ի օգոստոսի 21-ին և սեպտեմբերի 30-ին»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ասվածը, սակայն, չի նշանակում, որ ՀՀ-ն միջոցներ չի ձեռնարկել պատերազմը կանխելու ուղղությամբ․ ամենաբարձր մակարդակով հրադադարի 3 պայմանավորվածություն է եղել, որոնք չեն կատարվել։

44-օրյա պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հրապարակված իր ուղերձում ասել էր, թե հայկական կողմն ընտրություն պիտի աներ «շատ վատի ու ողբերգականի միջև և ընտրել է շատ վատը»: Նա նշել էր, որ պատերազմի 4-րդ օրն այն դադարեցնելու մասին է խոսել։ Ապա ավելացրել՝ նմանատիպ գնահատականներ ինքը բազմիցս ներկայացրել է նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում: