15 ապրիլի 2021 - 11:38 AMT
ՏԿԵ․ Հրազդանում կառուցվում է 1-ին սանիտարական աղբավայրը

Կոտայքի Հրազդան համայնքում մեկնարկել են սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները, հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Աղբավայրը կառուցվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում, այն առաջինն է։

«Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, այդ թվում՝ հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով»,- ասվում է հայտարարության մեջ։

ՏԿԵ-ից հայտնում են, որ Կոտայքի Ակունք և Գեղարքունիքի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն €11 մլն է, որից €5.5 մլն-ը վարկային միջոց է, €5․5 մլն-ը` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։