15 ապրիլի 2021 - 13:53 AMT
Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա

Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։

Ըստ դրա՝ Հայաստանից Իրան կգործուղվի համապատասխան «պաշտոնյա գիտակ անձ՝ առևտրական կցորդ, ով պատշաճ և մշտական հիմունքներով կարող է ապահովել Հայաստանի տնտեսավարների շահերի պաշտպանոււթյունն իրանական շուկայում»։

Գործադիրում նշել են, որ ներկայումս միտում կա ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցության ոլորտները, ակտիվացնելու փոխադարձ այցերը և համատեղ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև գործակցել գործընկերային և այլ խոշոր նահանգների ու քաղաքների հետ:

«ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջին ժամանակահատվածում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով ներկայումս աշխատանքներ են իրականացվում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ առևտրաշրջանառությունն ԻԻՀ հետ 2020 թվականին կազմել է $400.2 մլն, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է $84.8 մլն, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $315.4 մլն», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Իրանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունման պատճառով պետական բյուջեում սպասվում է ծախսերի և եկամուտների փոփոխություն։