15 ապրիլի 2021 - 18:32 AMT
Մատվիենկո․ Ադրբեջանական կողմը պարտավոր է վերադարձնել բոլոր գերիներին

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանն իր հերթին ռուս գործընկերոջը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարևորագույն գրավական է:

Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին է շնորհել Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:

Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ադրբեջնական գերությունից Մարալ Նաջարյանի վերադարձին Լիբանան, շնորհակալություն է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել էր խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կնոջը հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։