16 ապրիլի 2021 - 10:29 AMT
Ջրականում որոնումների ժամանակ ականի պայթյունից փրկարար է վիրավորվել

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ապրիլի 15-ի կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում` նա վիրահատվել է:

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ սա արդեն երրորդ նման դեպքն է:

Առաջին դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին՝ Թալիշ-Մատաղիս հատվածում Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ, իսկ հաջորդը՝ հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզում, երբ դարձյալ ականի վրա պայթել և վիրավորում էին ստացել ՀՀ ԱԻՆ աշխատակիցը: Մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: