17 ապրիլի 2021 - 12:49 AMT
Նախագահ․ Բաքվի հետ խոսելուց առաջ նախ մեր տղաներին ու աղջիկներին պետք է վերադարձնեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ամփոփելով պաշտոնական այցը Վրաստան, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ նախ մեր տղաներին ու աղջիկներին պետք է վերադարձնեն։

«Մենք հավասար վիճակում չենք գտնվում. պետք է վերադարձնեն, հետո հաջորդ քայլի մասին կմտածենք»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում դիսկուրս է ծավալվել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունք փոխելու մասին, և այս համատեքստում ինչպիսին է նախագահի մոտեցումը՝ Սարգսյանն ասել է, որ չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը լինել ի հաշիվ մեկ կողմի։

Նա հավելել է, որ իր վերաբերմունքը և՛ Թուրքիայի, և՛ Եղեռնի հարցի վերաբերյալ բազմիցս արտահայտել է։

«Կարող եմ ձեզ հետ մասին վերլուծել այսօրվա Թուրքիայի Հանրապետության, նրա առաջնորդների, ղեկավարության քաղաքականությունը և ոչ միայն մեր տարածաշրջանում՝ Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Լիբիայում և այլն...

Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը լինել ի հաշիվ մեկ կողմի՝ ի հաշիվ մեզ: Ես չեմ կարողանալու մոռանալ Եղեռնը և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որևէ քայլ չի անում դրա ուղղությամբ՝ ճանաչման կամ ներողություն խնդրելու և այլն: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ ինձ հարց կտաք»,- ասել է ՀՀ նախագահը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությունում ընդգծել է, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման միջոցով: