19 ապրիլի 2021 - 17:52 AMT
Արցախում ծառայողների հարազատներին ընդունել է վարչապետը․ Միայն սոցփաթեթի հարցն է լուծվել

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության դիմաց: Նրանք պահանջել են կրճատել պատերազմի մասնակից իրենց որդիների ծառայությունն ու տուն վերադարձնել, քանի որ վերջիններս ծանր հոգեբանական վիճակում են, նաև բուժօգնության կարիք ունեն, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Մենք պահանջում ենք, որ մեր երեխաներին գոնե ժամանակից շուտ որպես խրախուսանք կրճատում անեն, բերեն, մենք մեր երեխեքին մեր ձեռքով բուժզննում անենք», - ասել է ծնողներից մեկը:

Հավաքվածներից մի քանիսին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հանդիպման ավարտին նշել է ծնողներից մեկը, իրենց առաջ քաշած խնդիրների շուրջ որևէ դրական պատասխան չունեն։

«Մեր առաջ քաշած խնդիրների վերաբերյալ դրական ոչ մի պատասխան չունենք, բացառությամբ սոցփաթեթի։ Հանդիպումն աշխատանքային էր, և խոսք տվեց վարչապետը, որ 2-3 օրվա ընթացքում սոցփաթեթի վերաբերյալ պատասխանը կլինի, և մի բան էլ, որ մեր աշխատանքային հանդիպումները շարունակվելու են»:

Ավելի վաղ Արցախում ժամկետյաին զինծառայություն անցնող զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Նրանք պահանջում էին նաև Արցախից ՀՀ տեղափոխել նրանց: