ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կմասնակցի դրանց՝ դա դիտարկելով գործող իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ։
Հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։
«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին և ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է.
- մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը,
- թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար,
- արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։
Ելնելով վերոհիշյալ հաստատումներից և արձանագրումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշել մասնակցել ընտրություններին»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն ժողովը կոչ է անում ցանկացած զարգացման պարագայում՝ լինի ընտրություն, թե՝ ոչ, «շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը՝ հանուն երկրի ապագայի»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։