Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տագնապալի է համարում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացւցիչ Մելիտա Վույնովիչը։
«2021թ․ ապրիլի 12-ի դրությամբ, ԱՀԿ տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակի 135,646,617 դեպք է գրանցվել և 2,930,732 մահ։ Այժմ 7-րդ շաբաթն անընդմեջ նկատվում է հիվանդության դեպքերի աճ, իսկ վերջին 4 շաբաթում՝ մահվան ելքով դեպքերի։ Սա տագնապալի իրավիճակ է, քանի որ ականատես ենք վիրուսի տարբեր շտամերի տարածմանը, սահմանափակման միջոցների չեղարկմանն ու երկրների միջև պատվաստանյութերի անարդար բաշխմանը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Վույնովիչը հավելել է, որ ուժի մեջ է ԱՀԿ հորդորը՝ անվտանգության միջոցներ պահպանելու միջազգային ուղևորություններում։
Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի «նոր տարբերակների հայտնաբերման և մտահոգություն առաջացնող» իրավիճակը արագ զարգանում է։
«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ դրանց տարածումը կանխելու համար ձեռնարկված միջոցները ժամանակի հետ վերանայվեն և հիմնված լինեն համավարակային իրավիճակի և պայմանների վրա»,- ասել է նա։
Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 208,818-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3895 դեպք կա, այլ պատճառով՝ 982։