19 ապրիլի 2021 - 19:39 AMT
Արցախի 10 համայնքի ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել

Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 10 համայնքի ղեկավարների դեմ հարուցված քրգործերը։

Դրանք հարուցվել են նրանց կողմից 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցության ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրերում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մուտքագրելու, շահառու չհանդիսացող ընդհանուր թվով 366 քաղաքացու տվյալներ ցուցակագրելու և հիշյալ ցուցակներն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկելու համար։

Արդյունքում վերջիններիս կողմից տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300,000-ական դրամ գումարի չափով աջակցություն ստանալու և պետությանը ընդհանուր՝ 109,800,000 դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործերը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: