20 ապրիլի 2021 - 11:08 AMT
Արցախի ԱԻՊԾ փոխտնօրենն ազատվել է պաշտոնից՝ Երևանում հնչեցրած կարծիքի համար

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ազատվել է պաշտոնից՝ Երևանում հնչեցրած կարծիքների համար։

Ավագյանը Երևանում՝ ԱԺ-ում մասնակցել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների նախաձեռնած գերիներին առնչվող աշխատանային քննարկմանը։ Դրան մասնակցել են նաև ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը: Բորիս Ավագյանը մասնակցել է Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու հարցերով՝ Շիրակի մարզպետի խնդրանքով:

Նշվում է, որ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակից դուրս թեմաներից։

«Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլև չեն համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարության մեջ։

Ապրիլի 19-ին Բորիս Ավագյանին նաև հրավիրել են ԱԱԾ: Նա փաստաբանների հետ գնացել է, սակայն ԱԱԾ-ում ասել են՝ այսօր ուշ է, վաղը գուցե կասեն՝ երբ է հարմար հանդիպելու համար, եթե կարիք չլինի, չեն էլ կանչի, տեղեկացնում է Aravot.am-ը:

ԱԺ-ում քննարկմանը, խոսելով գերիների խնդրի մասին, Ավագյանը մտահոգություն է հայտնել, որ որոշ իշխանական պատգամավորներ, որոնք գերիների հարցով տեսակետ են հայտնում, մեղմ ասած իրենց տեղում չեն:

«Առաջինը, որն ինձ համար զարմանալի է՝ վերջերս ակտիվ սկսել է մի շահարկման գործընթաց, որը նկատվում է «Իմ քայլի» պատգամավորների կողմից, նրանք հայտարարում են՝ գնացեք ՌԴ դեսպանի մոտ, նա թող դիմի ՌԴ նախագահին այդ հարցով: Դա անթույլատրելի է: Եթե պատգամավորը թույլ է տալիս ուղղել քաղաքացուն օտարերկրյա դեսպանի մոտ, նա կոմպետենտ չէ, իր տեղում չէ: Որպես պատգամավոր ավելի լավ է ելույթ չունենան, որովհետև կվնասեն առաջինն իրենց քաղաքական թիմին: Այդ հայտարարությունները շատ վրդովմունք են առաջացնում մեր քաղաքացիների մոտ ու շատ տեղին»,- ասել է նա:

Ավագյանը ՀՀ ԱԺ-ում նաև խոսել էր Ավանի փոխթաղապետի կողմից խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հասցեին արված վիրավորական արտահայտություններին։

«Նա թույլ էր տալիս սոցցանցերում վիրավորել խաղաղապահների հրամանատարին ու որևէ մեկը չդատապարտեց: Այն ջանքերը, որ գործադրում են մեր դաշնակիցները, ստանում են այդպիսի վերաբերմունք ու իշխող ուժից ոչ մեկը չհայտարարեց, որ դա անթույլատրելի է»,- ասել էր նա: