«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2020-ին տնտեսական անկումն ընդամնեը 7.6 տոկոս է եղել, իսկ այժմ տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է։
«Ի հեճուկս այն գնահատականների, թե 2020-ը Հայաստանը փակելու է շատ բարձր երկնիշ տնտեսական անկումով` իրականությունն այլ է. կորոնավիրուսին և պատերազմին զուգընթաց տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում: Ընդ որում, առանձին ամիսներին, հատկապես դեկտեմբերին, մենք նկատում էինք դրական դինամիկա:
Պետք է զուգահեռաբար նշել, որ կորոնավիրուսը ոչ միայն մարտահրավեր է եղել տնտեսությանը, այլ առանձին ճյուղերի համար եղել է հնարավորություն, և արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ: Օրինակ` հագուստի արտադրությունն աճել է 4.3 տոկոսով, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը` 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակներինը` 20.6 տոկոսով:
Ունեցել ենք նաև մի շարք ոլորտներում արտահանման աճ, որը նույնպես կորոնավիրուսի ստեղծած հնարավորություններից օգտվելու արդյունք է: Մասնավորապես, կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 50 տոկոսով, բուսական ծագման արտադրանքինը` 27 տոկոսից ավելի և այլն», - ասել է նա։ :
Պապոյանը նաև նշել է, որ 2020-ի ընթացքում կառավարությունն իրականացրել է ավելի քան 200 մլրդ դրամի աջակցության ծրագրեր։
«Այդ աջակցության ծրագրերի պատճառով ու հետևանքով է նաև, որ Հայաստանում մենք գրեթե չենք ունեցել մակրոտնտեսական խնդիրներ և պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, որն արտահայտվել է պատերազմից հետո եվրոբոնդերի թողարկմամբ: Այն աննախադեպ ցածր է եղել Հայաստանի ամբողջ պատմության համար` 3.6 տոկոս»,- ասել է նա:
Նախկինում եղել են 5.7 տոկոսանոց թողարկումներ:
Պապոյանի խոսքով` հունվար-փետրվար ամիսներին հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ ավելացել են և պլանավորածից 8 տոկոսով ավելի են:
«2019-ի համեմատ մենք ունենք բավականին լավ ցուցանիշ: Սա նույնպես ցույց է տալիս, որ տնտեսությությունն արագ տեմպերով վերականգնվում»,- ասել է պատգամավորը:
Ավելի վաղ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, կառավարության 2020թ․ կատարողականի քննարկման ժամանակ անդրադառնալով 7.6% տնտեսական անկմանը, ասել էր, որ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել երկներ, որտեղ 2020-ին տնտեսական անկում չի եղել:
«Ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել` թե´ հարևան երկրների, թե´ աշխարհի հետ: Մեր դեպքում գումարվել է նաև այն, որ մենք 2019-ին ունեցել ենք բավական բարձր աճ, որի ֆոնին անկումը շատ ավելի հավանական էր»,- ասել էր նա: