Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Դավիթ Բեկ բնակավայր, հանդիպել Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանին, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանին և Արթուր Հովհաննիսյանին, տեղի բնակիչներին։
Քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Դավիթ Բեկի և Կաղնուտի ղեկավարները ներկայացնելով իրենց բնակավայրերի խնդիրները՝ առաջնահերթ են համարել անվտանգության ապահովման հարցը։ Նշվել է, որ վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքերի զգալի, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հատվածները վերահսկվում են Ադրբեջանի կողմից, և բնակիչները հնարավորություն չունեն օգտագործել դրանք: Ընդգծվել են նաև գործազրկության, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ։
Անդրադառնալով նշված հարցերին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել նոր աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն իրենց հողում։
«Եթե լինեն առաջարկներ, կփորձեմ աջակցություն ցուցաբերել, գտնել ուղիներ ու միջոցներ»,- ասել է նա։
Նախագահ Սարգսյանն ու ՄԻՊ-ն այնուհետև այցելել են Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների և Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այստեղ ևս թե բնակիչները, թե բնակավայրերի ղեկավարները կենսական են համարել անվտանգության, սահմանազատման, արոտավայրերի հետ կապված խնդիրները:
Նախագահը ցավով է արձանագրել, որ իր այցելած բոլոր բնակավայրերում թիվ մեկ հարցն անվտանգությունն է:
Սահմանազատման խնդիրների մասին խոսելով՝ նախագահը նշել է, որ այդ գործընթացում պետք է ներգրավված լինեն մասնագետներ, ինչպես նաև՝ համայնքների բնակիչներ։
«Շատերդ ունեք փաստաթղթեր, որոնք կարող են վկայել, որ այս արոտավայրը, այս արտը կամ այս այգին ձեր սեփականությունն է եղել, և այդ փաստաթղթերը պետք է ներկայացնեք մարդու իրավունքների պաշտպանին»,- ասել է նախագահը։
Թաթոյանն ավելացրել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան երկրներ, որոնց սահմանազատումների, սահմանագծումների հարցում առավելություն է տրվել կադաստրային փաստաթղթերին, որովհետև հիմքում մարդն է՝ իր իրավունքներով. Պատասխանելով բնակիչների՝ նախագահական ինստիտուտի կողմից իրենց աջակցելու հնարավորությունների մասին հարցին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում պատրաստ է անել ամեն ինչ, և համայնքներ այցելելն ու խնդիրներին անմիջապես տեղում տեղեկանալն այդ նպատակն ունեն:
Հանդիպումների ընթացքում առաջարկվել է խնդիրները ձևակերպած ու ամբողջացված ներկայացնել Հանրապետության նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ նրանց իրավասության շրջանակում աջակցության հնարավորությունները քննարկելու համար:
Սյունիք այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպել է Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։