21 ապրիլի 2021 - 15:03 AMT
Կապանում իմքայլականները նաև աջակիցների են հանդիպում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն ուղեկցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիք այցի ընթացքում, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Կապանից։

Տեսանյութում երևում է, որ Կապանում իշխող ուժը նաև աջակիցներ ունի՝ կադրերից երևում է, թե ինչպես է Փաշինյանը շփվում մարդկանց հետ։

Նմանատիպ տեսանյութ է հրապարակել նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների (չնախատեսված կանգառ)»,- գրել է նա։

ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ լարված մթնոլորտում է անցել։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում էին Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։ Իսկ Քաջարան, որի մուտքերը փակել էին քաղաքացիները, Փաշինյանը չի մտել՝ նա Մեղրիից այլ ճանապարհով է հեռացել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»: «Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։