21 ապրիլի 2021 - 17:32 AMT
Պուտին․ ՌԴ-ն գլխավոր դերակատարն էր ԼՂ-ում պատերազմի կասեցման գործում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին։ Ռուսաստանը գլխավոր դերն է կատարել Լեռնային Ղարաբաղի շրջանում ռազմական հակամարտության կասեցման գործում»,-ասել է նա։

Ըստ Պուտինի՝ ՌԴ-ն ձգտում է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը և արդեն իսկ շատ բան է արել Սիրիայում կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հաստատման համար։

Պուտինը նշել է նաև, որ ՌԴ-ն միշտ բաց է լայն միջազգային գործակցության համար։

2020թ․ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման մասին։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին և Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։