21 ապրիլի 2021 - 17:38 AMT
Խոսնակ․ Ագարակում և Մեղրիում կատարվածը հայտնի շրջանակների կազմակերպածն էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ այցի շրջանակում Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կազմակերպած գործողություններ են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա հավելել է, որ այդ գործողությունները որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։

Նա նաև տեսանյութ է հրապարակել վարչապետի Կապան այցից, որտեղ բնակիչները ողջունում են Փաշինյանին։

«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին»,- գրել է նա։

ՀՀ վարչապետի այցը Մեղրի ու Ագարակ լարված մթնոլորտում է անցել։ Մեղրիում ու Ագարակում բնակիչները հայհոյում ու վիրավորում էին Փաշինյանին, փորձում կտրել նրա ճանապարհը։ Իսկ Քաջարան, որի մուտքերը փակել էին քաղաքացիները, Փաշինյանը չի մտել՝ նա Մեղրիից այլ ճանապարհով է հեռացել։ Կապանում իշխող ուժը նաև աջակիցներ ունի Փաշինյանը շփվել է մարդկանց հետ։