Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Մեկնաբանելով տեղեկությունները, թե Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Չավուշօղլուն ասել է. «Հայտարարությունները, որոնք որևէ գործողություն չեն ենթադրում, օգուտ չեն տա, բայց կվնասեն հարաբերություններին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իրենց ընտրությունն է», - ասել է նա:
Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան Ս-400 ՀՕՊ համակարգեր է գնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին սերտ կապեր ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հունվարի 20-ից սկսած՝ նոր նախագահ Բայդենը դեռ ոչ մի անգամ չի զրուցել Էրդողանի հետ։
ԱՄՆ Սենատը հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։