22 ապրիլի 2021 - 19:15 AMT
ՌԴ-ն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել զերծ մնալ ռևանշի հասնելու ձգտումներից ու ռազմատենչ հռետորաբանությունից

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ռևանշի հասնելու ձգտումներից ԼՂ հակամարտության հարցում, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում իրավիճակի սրման: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում կողմերին (Երևանին ու Բաքվին) զերծ մնալ ռրանշիզմի ու ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի սպառնալիզի տակ դնել»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պրակտիկ քայլերը պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ պետք է կարգավորվի նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հարցը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կիրագործեն «Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»:

«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել էր նա։