23 ապրիլի 2021 - 11:40 AMT
Ապրիլի 24-ին ընդառաջ Բայդեն-Էրդողան հեռախոսազրույց է սպասվում

Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է լրագրող Ամբերին Զամանը՝ կիսվելով Anka լրատվական գործակալության նյութով։

The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ապրիլի 22-ին Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու են պաշտպանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։

«Նախագահն ասել է, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել ճշմարտությունը նրանցից, ովքեր ստում են այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին և սատարում այդ զրպարտությանը քաղաքական պատճառներով»,- տեղեկացրել է Էրդողանի գրասենյակը՝ Անկարայում Խորհրդակցական գերագույն խորհրդի նիստից հետո։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Photo. AFP