23 ապրիլի 2021 - 20:22 AMT
Փաշինյան․ Ադրբեջանը ՀՀ տարածքի նկատմամբ հավակնություններ է հայտնում

Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպմանը:

Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը և ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր ուժով ստանալ "Զանգեզուրի միջանցքը"՝ եթե ՀՀ-ն չհամաձայնվի դրան։