106 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են 1․5 մլն նահատակների հիշատակը։ ՀՀ բարձրաստիճան ղեկավարները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ զոհերի։
1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800:
Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Մոտ 1.5 մլն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ դարձավ գաղթական։
Առաջին աշխարհամարտը հնարավորություն տվեց երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։
Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների բնակչությունը: Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:
Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և մշտապես դիվանագիտական դեմարշներ է ձեռնարկում այդ փաստը ճանաչող պետությունների դեմ։ Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ, այդ թվում Թաներ Աքչամը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, իրվապաշտպան Զագիփ Զարաքոլուն:
2015-ի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Հայոց ցեղասպանության ճանաչումն ընդգրկվել է Եվրախորհրդարանի՝ Թուրքիային առնչով 2019-2020թթ․ զեկույցում։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը և Կոնգրեսը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: