24 ապրիլի 2021 - 12:03 AMT
ԱԳՆ․Պայքարը կտևի այնքան, քանի դեռ Թուրքիան իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկելու դրա հետևանքների վերացման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ամեն տարի` ապրիլի 24-ին, ամբողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները Հայոց ցեղասպանության քաղաքականությունը տարածեցին նաև Արևելյան Հայաստանում։

Այս գործողությունների հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանից խլվեց իր պատմական հայրենիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 1878թ․ Բեռլինի կոնգրեսում Մեծ տերությունները և Օսմանյան կայսրությունը հանձնառություն էին ստանձնել երաշխավորելու վերջինիս հայկական նահանգների բնակչության անվտանգությունը։ Ծրագրելով և իրականացնելով Հայոց ցեղասպանությունը՝ երիտթուրքական կառավարությունը ի չիք դարձրեց հայ ժողովրդին տրված անվտանգության միջազգային երաշխիքները և ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը մի ամբողջ ժողովրդի մահապատժով «լուծելու» նախադեպ։

Այս գործողությունները հետագայում հիմք դարձան ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեցին «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում։ Այնուհանդերձ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չկանգնեցին միջազգային արդարադատության առջև:

«Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել։

Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը մեկ անգամ ևս հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և նրա նահատակներին»,-ասվում է ուղերձում։