24 ապրիլի 2021 - 15:50 AMT
Արցախի նախագահ․ 106 տարի անց կրկին ունենք բռնի տեղահանվածներ, նահատակներ, կորսված հայրենիք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, գլուխ խոնարհելով Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև, իր ուղերձում նշել է, որ 106 տարի հետո էլ կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ, նահատակված ու հաշմանդամ դարձած մի ամբողջ սերունդ, գերության մեջ գտնվող հայրենակիցներ, կորսված հայրենիք:

«Այդ դաժան ու սարսափելի ոճրագործությունից անցել է 106 տարի: Փոխվել են ժամանակները, սերունդները, իշխանությունները, սակայն մեկ բան մնացել է անփոփոխ. դա ցեղասպան քաղաքականության շարունակումն է՝ կոպտագույնս խախտելով ու ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու օրինական շահերը:

Այսօր Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերը: Մենք շնորհակալ ենք նրանց, շնորհակալ ենք բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, պետական ու քաղաքական գործիչներին, կազմակերպություններին ու հասարակ մարդկանց, որոնք օրհասական պահին օգնության ձեռք են մեկնել 1915 թվականին մահվան ճիրաններից փրկված մեր հայրենակիցներին, որոնք այս բոլոր տարիների ընթացքում եղել են հայ ժողովրդի կողքին և սատարել մեր պայքարին՝ հանուն համամարդկային արժեքների պաշտպանության ու պատմական արդարության վերականգնման»,-ասվում է ուղերձում:

Հարությունյանը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը վկայությունն է այդ արժեքներին հավատարմության, ինչպես նաև «միջոց՝ մարդկության դեմ ուղղված հետագա ոճրագործությունների կանխարգելման համար»:

«Հայ ժողովուրդը շարունակում է իր պայքարը՝ շենացնելով իր Հայրենիքը և միշտ վառ պահելով սուրբ նահատակների հիշատակը՝ հանուն ցեղասպանությունների կանխման և հայ ժողովրդի հարատևման»,-ասվում է ուղերձում։

106 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են 1․5 մլն նահատակների հիշատակը։