24 ապրիլի 2021 - 15:06 AMT
ԱԳՆ․ Արցախում վտանգված է մոտ 1500 մշակութային օբյեկտ, այդ թվում՝ 161 եկեղեցի, մոտ 600 խաչքար

ԱԳ նախարար Արա Այվազյանը «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացմանն ասել է, որ երբ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը։

Նա հավելել է, որ 2020-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Նա նշել է, որ խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ, որ կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես, օրինակ, Շուշիի Սբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին և Կանաչ ժամը։

Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտ, այդ թվում՝ 161 եկեղեցի, մոտ 600 խաչքար, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, մոտ 19,000 թանգարանային առարկա:

«Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինն այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։

«1915թ․ սկիզբ առած մշակութային ցեղասպանությանը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ 1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել էր 1860 եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:

Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և մոտ 6 հազար միջնադարյան խաչքարներ»,-ասել է նա։

«Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր, ինչպես նաև Շուշիում տպագրված առաջին գրքերը: Ցուցահանդեսում ընդգրկվել են լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:

Նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Նոյեմբերից հետո Ամարասն ու Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները, իսկ Արբեջանին անցած տարածքներում մնացած եկեղեցիները, վանքերն ու մշակույթի կոթողները պղծվում են և վանդալիզմի ենթարկվում։