24 ապրիլի 2021 - 19:43 AMT
Ավստրալիայի ամենամեծ նահանգի ղեկավար Բերեջիկլյանը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Ցեղասպանությունը

Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի ղեկավար Գլեդիս Բերեջիկլյանը կոչ է արեl երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1․5 մլն անմեղ մարդկանց, որոնք զոհ գնացին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությանը։ Մենք հիշում ենք նաև ցեղասպանության ակտերը, կատարված հունական և ասորական համայնքների դեմ»,- ասել է նա։

Նա հույս է հայտնել, որ Ավստրալիան կհամալրի այն երկրների շարքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Ավստրալական Սիդնեյում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արդարության երթ է անցկացվել։

Սիդնեյում Արդարության երթի մասնակիցները կոչ են արել Ավստրալիային ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։Քայլերթի մասնակիցների պաստառներին գրված էր՝ «Մեր վերքերը դեռ բաց են», «Այլևս երբեք», «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։

Ցուցարարները երթի են դուրս եկել այն բանից հետո, երբ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կրկին չի օգտագործել ցեղասպանություն եզրույթը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում։