24 ապրիլի 2021 - 16:51 AMT
Ֆրանսիայի պետքարտուղար․ Կարևոր է ՀՀ-ում լինել Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցի առթիվ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ:

Լըմուանը Երևանում է Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար:

«Այս նամակն ի ցույց է դնում այն բարեկամությունը, որ կա մեր երկրների ու ժողովուրդների միջև, այն վերաբերմունքը, որն ունի Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, որը մենք մեծապես գնահատում ենք: Ֆրանսիայի բարեկամությունը մենք զգացինք նաև պատերազմի ժամանակ, ականատեսը եղանք իրական բարեկամության դրսևորման և աջակցելու պատրաստակամության»,- նշել է Սարգսյանը:

Նախագահն ու պետքարտուղարն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու բարեկամ երկիրը փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն:

Սարգսյանը խոսել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով մարդասիրական խնդիրներին և առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի առաջնահերթ կարևորությունը: Նա նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և իր բարեկամների աջակցությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:

Ընթերցեք նաև․ Մակրոն․ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը չի դադարի, քանզի այն միայն հայերինը չէ