24 ապրիլի 2021 - 17:30 AMT
Ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՌԴ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը։

Ռուս խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում արել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:

Տատյանա Կուսայկոն նշել է, որ ամբողջովին համաձայն է իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ նա հայերի սպանությունը համարում է Ռուսաստանի անձնական ցավը։

«Թանգարան այցելությունն ինձ վրա թողեց ծանր տպավորություն, և հենց այս պահին շատ հուզված եմ խոսում: Հասկացա, թե ինչքան կարևոր է ամբողջ աշխարհի համար բարեկամությունն ու խաղաղությունը, որ չկրկնվի մարդկության հանդեպ այսպիսի հանցագործությունը: Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք և դասեր քաղենք»,- նշել է Կուսայկոն:

ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան` մասնակցելով «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Արցախում ստեղծված ձեռագրեր և գորգեր, ինչպես նաև Շուշիում տպագրված առաջին գրքերը: Ցուցահանդեսում ընդգրկվել են լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: