24 ապրիլի 2021 - 18:42 AMT
Կիպրոսի նախագահ․ Կշարունակենք ջանալ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար

Կիպրոսը կշարունակի ջանքեր գործադրել միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։

«Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրն է։ Մեծ հարգանքով և ցավով ենք հիշում նրանց։ Մենք ամուր կապերով ենք կապված մեր եղբայր հայերի հետ, որոնք ապրում են մեզ հետ միասին մեր հայրենիքում։ Մենք կշարունակենք ջանքերը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Անաստասիադիսը։

Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի արարողություններին։

1975 թվականին Կիպրոսը դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և հիշատակի օր հայտարարեց ապրիլի 24-ը։