24 ապրիլի 2021 - 20:41 AMT
Թրյուդո․ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման և ատելության գինը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ապրիլի 24-ի իր ուղերձում նշել է, որ Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին հիշում է նրանց, որ նահատակվեց և տուժեց Հայոց ցեղասպանության ժամանակ։

«Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ժառանգներին և բոլոր նրանց, ով շարունակում է ապրել այդ ցավով և կորուստներով։ Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց աշխարհին, թե ինչպիսի գին է այն վճարում բաժանման, օտարման և ատելության համար։ Կանադան վճռականորեն դեմ է և դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը»,-ասել է Թրյուդոն։

Նա ընդգծել է, որ Կանադայում ոգեշնչված են հայ ժողովրդի ոգով և ուժով, որը չի ընկրկել ի դեմս անասելի փորձությունների և հույսով ակնկալում է ավելի խաղաղ և արդար ապագա։

«Այս տարելիցին ես բոլոր կանադացիներին կոչ եմ անում մի պահ դադար առնել և հիշել Հայոց ցեղասպանության զոհերին և այդ սարսափները վերապրածներին: Մենք կշարունակենք հարգանքի տուրք մատուցել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին և աշխատելով մեր աշխարհն ավելի լավը դարձնել»,- ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ։