24 ապրիլի 2021 - 19:46 AMT
Թբիլիսիում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է անցկացվել: Այս տարի ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն:

Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը, hաղորդում է Aliq Media-ն։

Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված էր՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է:

Կազմակերպիչները կոչ են արել պանդեմիայի պայմաններում պահպանել Վրաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կարգավորումները:

Ավելի վաղ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթը կայացել է միայն Աքալքալաքում ու Ախալցիխեում: Թբիլիսիում երթ այս տարի տեղի չի ունեցել, պատճառը՝ երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված պարետային ժամն էր