Պաշտպանության նախարարությունը հերքել է սոցանցերում տարածվող լուրերը Սյունիքում ադրբեջանցիներին դիրքեր հանձնելու վերաբերյալ:
«Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արևելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները:
«Միևնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումը սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգատություն չառաջացնել: Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը և զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից»,-ասվում է հայտարարության մեջ: