26 ապրիլի 2021 - 14:47 AMT
Լիտվայի ԱԳ նախարար․ ԵՄ-ի դիրքորոշումը հստակ է՝ հայ գերիները պետք է վերադարձվեն

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ հայ գերիների հարցում ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ նրանք պետք է վերադարձվեն։

«Եվրամիության կողմից ներկայացվել է բավականին հստակ դիրքորոշում, որ բոլոր պատանդները և գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք փոխվստահությանն ուղղված որևէ գործունեություն»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նա այդպես է արձագանքել հարցադրմանը, թե ՀՀ-ն, նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը կատարելով, վերադարձրել է ադրբեջանցի գերիներին, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայերին։

«Ես, իհարկե, միայն կարող եմ երկրորդել Եվրամիության դիրքորոշումը»,-նշել է Լանդսբերգիսը։

Նա ասել է նաև, որ ԵՄ-ն կարող է Հայաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել, եթե պաշտոնական Երևանի կողմից լինի հստակ ձևակերպված ուղերձ։

Լիտվայի ԱԳ նախարարը ՀՀ-ում է պաշտոնական այցով ապրիլի 25-27-ը։ Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նա նախ Երևան է այցելել: Այցը կամփոփվի Լոռու մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: