Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:
Նամակում մասնավորապես ասվում է. «2020-ին, չնայած Covid-19 համավարակի պայմաններում գլոբալ հրադադարի պահպանման Ձեր կոչին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը դատապարտող հայտարարությանը, չնայած միջազգային հանրության կողմից պատերազմն անհապաղ դադարեցնելու պարբերական կոչերին՝ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը լայնածավալ և միտումնավոր կերպով թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել և ենթարկվում են խոշտանգումների ու արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից»:
Նշվում է, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:
«Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ներկայումս Ադրբեջանը շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին: Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից»,-ասվում է նամակում։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ հայ գերիների հարցում ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ նրանք պետք է վերադարձվեն։