26 ապրիլի 2021 - 19:04 AMT
ՊՆ․ Զերծ մնալ «Եռաբլուրում» գերեզմանների ինքնակամ բարեկարգումից

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են ՊՆ-ի հաստատած տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՊՆ-ն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձևաչափով կառուցելու ցանկությանը:

«Այդուհանդերձ, խնդրում ենք զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր զինծառայողների և կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման և հավասարության սկզբունքի պահպանման նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ: