27 ապրիլի 2021 - 11:05 AMT
Էրդողանի կոչը Բայդենին՝ անհապաղ վերանայել Ցեղասպանության մասին իր հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անհապաղ վերանայել իր հայտարարությունը, որտեղ նա ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի կոտորածները։

«Եթե ցեղասպանություն եք ասում, ապա ինքներդ հայելուն նայեք և գնահատական տվեք։ Կարելի է նույնիսկ չհիշատակել, թե ինչ է տեղի ունեցել բնիկ ամերիկացիների հետ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև կասկածի տակ է դրել 1915-ին սպանված հայերի քանակը, ասելով, թե սպանվել է մոտ 150,000 մարդ, բայց թիվն «ուռճացվել է՝ վերջից ավելորդ զրո ավելացնելով»։

Al Jazeera-ն գրում է, որ Բայդենի՝ ապրիլի 24-ի «պատմական հայտարարությունը ցասում է առաջացրել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Թուրքիայում, որը հայտարարել է, թե այն խորը վերք է բացել երկկողմ հարաբերություններում, որոնք առանց այդ էլ լարված էին մի շարք հարցերում»։

Էրդողանն ասել է նաև, որ իրեն տխրեցրել են Բայդենի խոսքերը Ցեղասպանության մասին:

«Այդ բառերը չունեն պատմական և իրավաբանական հիմք»,- ասել է նա՝ հիշեցնելով Թուրքիայի՝ «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու առաջարկը, գրում է Regionmonitor-ը։

Ըստ նրա՝ Բայդենի խոսքերը չեն արտահայտում իրականությունը: Էրդողանը նույնիսկ «հայերին է մեղադրել թուրքերին սպանելու մեջ», և ըստ նրա՝ «ապրիլի 24-ին մարդկային ողբերգության առումով ոչ մի բան տեղի չի ունեցել»:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Բայդենի հետ հունիսին նախատեսված հանդիպմանը նոր էջ կբացի երկու երկրի հարաբերություններում:

«Ապրիլի 24-ի հայտարարության ֆոնին մեր հարաբերությունները շատ հետ գլորվեցին: Հույս ունեմ, որ նախատեսված այցին կհաջողվի նոր էջ բացել մեր հարաբերություններում: Մենք Բայդենի հետ օտարներ չենք, մեր երկրները հարաբերություններ ունեն»,- ասել է Էրդողանը:

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։