27 ապրիլի 2021 - 10:52 AMT
Պուտինն ու Մակրոնը պատրաստ են համակարգել գործողությունները ԼՂ հարցում

Ապրիլի 26-ի հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը քննակել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու գործողությունները ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է, շարունակվում է 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիական ԶԼՄ-ները, մասնավորապես` Figaro-ն, գրել է, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել ԼՂ վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությունների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խոսելով ԼՂ-ում իրավիճակի մասին՝ Մակրոնը շեշտել է «ձերբակալվածների հարցում կոնկրետ առաջընթացի անհրաժեշտությունը, հումանիտար աջակցությունն ու մշակութային ժառանգության պահպանումը»։

Ըստ պարբերականի, երկու երկրի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Ղարաբաղում կարգավորման հասնելու համար, և առաջիկա օրերին «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ այդ ուղղությամբ։