27 ապրիլի 2021 - 12:46 AMT
Քոչարյան․ Եթե վստահ չլինեի, որ հնարավոր է տնտեսական հաջողություններ ապահովել, ընտրություններին չէի մասնակցի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հնարավոր է համարում տնտեսական հաջողություններ ապահովել երկրում։ Համապատասխան գրառումը հրապարկվել է նրա ֆեյսբույան էջում։

«Եթե ես վստահ չլինեի, որ հնարավոր է ապահովել 1998-2007 թթ-ին արձանագրած տնտեսական հաջողությունները, այս ընտրություններին մասնակցելու հայտ չէի ներկայացնի։ Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»,- ասվում է գրառման մեջ։

Անդրադառնալով գնաճին՝ Քոչարյանն ասել է, որ այն զսպելու հնարավորություն կա, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա մեջ։

«Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը»,- ասել է նա։

Նա ասել է նաև, որ սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։

«Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»,- նշել է նա։

Քոչարյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում իր աջակիցների, ինչպես նաև հանրային և մասնագիտական տարբեր շրջանակների հետ։