Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի 93-րդ մրցանակաբաշխության դիտումները ռեկորդային ցածր են եղել՝ ԱՄՆ-ում այն առաջին անգամ 10 միլիոնից քիչ մարդ է դիտել։
Մրցանակաբաշխությունը դիտել է 9.85 մլն մարդ, հայտնել է Deadline-ը Nielsen ընկերության վրա հղումով։
Deadline-ը նշում է, որ այս տարի շոուն հասանելի էր նաև առցանց հարթակներում, որոնք Nielsen-ը հաշվի չի առնում, սակայն հազիվ թե լրացուցիչ թվերը շատ բարելավեն ընդհանուր պատկերը։
«Օսկարի» հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունը գնալով նվազում է, բայց այս անգամ իրենց դերն են ունեցալ նաև կորոնավիրուսի պանդեմիան և առաջադրված համեստ ֆիլմերը։ Գլխավոր անվանակարգում էին հիմնականում փառատոնային ֆիլմերը, որոնք մասսայական հանդիսատեսը չի տեսել։
«Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխության արդյունքում Տարվա լավագուն ֆիլմ է ճանաչվել Խլոյա Չժաոյի «Քոչվորների հողը», որի հերոսուհին, անտուն և անգործ մնալով, ավտոֆուրգոնով ճանապարհորդում է ԱՄՆ-ով։Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը, որը ֆիլմում կատարել է գլխավոր դերը, «Օսկարի» է արժանցել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Իսկ Չժաոն ճանաչվել է տարվա լավագույն ռեժիսոր։