28 ապրիլի 2021 - 14:38 AMT
Շրջանի ղեկավար. Ադրբեջանցիները Մարտակերտում կրկին առաջ են եկել

Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից կրկին առաջ են եկել: Տեղեկությունը հայտնել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Այո, կրկին առաջ են եկել։ Այնքան են առաջ եկել, ինչքան երեկ հետ էին գնացել»,- ասել է Բախշիյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ տեղի ղեկավարությունը հետևողական է, այս պահին զբաղվում են այդ հարցով:

Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիմա ադրբեջանցիների դիրքերը գտնվում են գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։

Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել: