28 ապրիլի 2021 - 14:39 AMT
Քոչարյան․ ՀՀ-ն մեծ շինհրապարակի վերածելու հնարավորություն կա՝ ով չի ուզում աշխատել, թող ինձ չընտրի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աջակցիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու, բոլորի համար աշխատատեղ ստեղծելու։

«Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա հանդիպմանը, որից մի հատված հրապարակվել է ֆեյսբուքյան էջում։

Քոչարյանն ասել է՝ ով չի ուզում աշխատել՝ թող իրեն չընտրի, ձայն չտա։

Նա սխալ է համարել Գյուղատնտեսության նախարարության փակումը մի երկրում, որի բնակչության 25-30 տոկոսը գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Քոչարյանը նշել է, որ գյուղատնտեսությունը երկրի զարգացման շարժիչ ուժերից մեկն է լինելու։

Ապրիլի 26-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հանդիպումն է ունեցել իր աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ մասնակիցները հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ինչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա այդ վերականգնումը։