28 ապրիլի 2021 - 15:37 AMT
Աշոտյան․ Ոչ մեկը քաղուժերի հետ լայն կոնսուլտացիաներ չէր անում պատերազմի դադարեցման հարցով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղուժերը դավաճանություն էին համարում։

«Հոկտեմբերի սկզբին ոչ մեկը քաղաքական ուժերի հետ լայն կոնսուլտացիաներ չէր անում պատերազմի դադարեցման հետ կապված: Դա ասում եմ որպես այդ պրոցեսի մեկնարկի մասնակից»,-ասվում է գրառման մեջ:

Նա նաև մեղադրել է Հարությունյանին ստելու մեջ։

«Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Երբ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ բանակցում էր փոխզիջումային փաթեթ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքով, դու ծակ-հայրենասիրական ելույթներ էիր ունենում ու հետո գլուխ գովում, որ դեմ ես արտահայտվել»,-ասվում է գրառման մեջ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, քաղաքաշինության նախարարությունում հանդիպման ժամանակ անդրադառնալով 44-օրյա պատերազմին, ասել է, որ հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղաքական ուժերը դավաճանություն էին համարում։ Նա հավելել է, որ իր համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, իսկ հայաստանյան քաղաքական ուժերը պատերազմը կանգնեցնելու հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել։