29 ապրիլի 2021 - 12:53 AMT
Բլինքենն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի շարունակումը ԼՂ հարցում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը՝ Լեռնային Ղարաբաղում բանակցությունների միջոցով տևական քաղաքական կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը շահեկան կլինի տարածաշրջանում բոլորի համար, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ալիևն ասել է, թե Բայդենի խոսքերը մտահոգությամբ են ընդունել Ադրբեջանում, քանի որ Թուրքիան Ադրբեջանի «մերձավոր բարեկամն ու դաշնակիցն է»։ Այդ մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։

Բլինքենն ու Ալիևը քննարկել են երկկողմ գործընկերության հարցեր, մի շարք այլ թեմաներ:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված վիճակին, հայտարարել է, որ շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Արցախում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիրը լուծված է։