29 ապրիլի 2021 - 16:43 AMT
ԱԽ քարտուղար. ԼՂ-ն ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ելույթ ունենալով Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին, կարևոր է համարել արձանագրել, որ Արցախյան երկրորդ պատերազմն ակնհայտ դարձրեց՝ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ և, որ այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք կարծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը: Նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ»,-ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Նա հավելել է, որ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը «չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը», - ասել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանն իր ելույթում նաև անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին։ «Մեր մշտական ուշադրության կենտրոնում է նաև գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Այսօր այս հարցը մեզ համար առաջնակարգ նշանակություն ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար և այս առումով ես ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը», - ասել է Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանն իր ելույթում հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ-ը չպետք է անտեսի Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի ագրեսիվ նկրտումները։ «Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք»,-ասել է նա։

ԱԽ քարտուղարը Դուշանբեում է աշխատանքային այցով: Ապրիլի 28-ին նա երկկողմ բանակցություններ է վարել իր ռուս պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի հետ։ Ապրիլի 29-30-ը ներառյալ Գրիգորյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանում։