4 մայիսի 2021 - 11:09 AMT
Արցախի ՄԻՊ․ «Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոցը

«Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է։

Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարվել է Արցախում հայկական քրիստոնեական մշակույթը ալբանիզացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն, որը բազմիցս քննադատության է արժանացել պատմաբանների և մշակութաբանների կողմից մի պարզ պատճառով, այդ փորձերը հիմնազուրկ են թե՛ պատմական ժամանակագրության, թե՛ մշակութային- ճարտարապետական առանձնահատկությունների տեսանկյունից»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչ օրս չի թույլատրել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան։

«Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին մենք ամեն օր ենք բարձրաձայնում՝ միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնելով կատարվողի մասին։ Սակայն հարցը քննադատություններից կամ կոչերից այն կողմ չի անցնում, այնինչ հստակ քայլեր են պետք։ Թողտվությունն ու անպատժելիություն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները»,-ասվում Արցախի ՄԻՊ գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։