4 մայիսի 2021 - 12:53 AMT
Երևանում Գանդիի արձանը պղծողին գտել են

Երևանում Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը հայտնաբերվել է։

Ապրիլի 29-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Գանդիի արձանը և պատվանդանը:

Ոստիկանության Երևանի վարչության և Մաշտոցի բաժնի քրհետախույզներն ու ԱԱԾ-ի ծառայողները համատեղ պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Արձանը տեղադրվել է ԱԳՆ առաջարկությամբ, հնդկական կողմի ֆինանսական աջակցությամբ ու համաձայնեցմամբ։

ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Գանդին բռնության բացառման գաղափարության կրող էր, ինչը հակասում է նրան վերագրվող ցեղասպանության արդարացման գաղափարին։ Սակայն միաժամանակ նրա ղեկավարած Հնդկական ազգային կոնգրեսը դաշնակցել է 1919-1924 թվականին գոյություն ունեցած պրոթուրքական և պանիսլամիստական Խալիֆաթի աջակցության շարժման հետ։